Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար կհատկացվի 54 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դրանցից ներկա պահին ծախսվել է մոտ 16 մլրդ դրամ։ Ինչպես նշել է վարչապետը, նախատեսված գումարի մի մասը կծախսվի 2024թ.։ Օրինակ, տեղահանվածների կեցության վճարման ծրագիրը հաշվարկված է 6 ամսվա համար։ «Ներկա պահին Արցախի մոտ 100 հազար քաղաքացիներ արդեն միանվագ օգնություն են ստացել 100 հազար դրամի չափով։ Նրանցից 25 հազարը երեխաներ են»,- ավելացրել է Փաշինյանը։ Կեցության վճարի միջոցներ է ստացել 41 հազար 610 մարդ։ 2 700 քաղաքացու ծրագրի շրջանակում վճարվել է միայն 10 հազար դրամ կոմունալ ծառայությունների համար։ Բանն այն է, որ այդ քաղաքացիները Հայաստանի տարածքում ունեցել են սեփական տներ եւ բնակարաններ։