Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի, ողջունում և մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա տոնական առիթով:
Այսօր մեր պետականության վերականգնման պանծալի օրն է, որը խնդությամբ տոնախմբում ենք` հիշելով, որ այն ձեռք է բերվել սերունդների մաքառումի ու զոհողության գնով: Ապավինելով Աստծուն` մեր ժողովուրդը միշտ հուսաց անկախության այս նվիրական արշալույսը` իբրև պայման ու երաշխիք իր ազգային զարթոնքի:
Սիրելիներ, մեր նոր պետականությունը դժվարին, բայց վերընթաց ուղի է անցել: Այսօր էլ քիչ չեն հոգսերն ու մտահոգությունները, որոնք պիտի հաղթահարվեն մեր անխոնջ ջանքերով, նախանձախնդրությամբ, նվիրումով ու սիրով, որոնցով կերտել ենք մեր անկախ պետականությունը: Պիտի հոգանք ազատ Հայաստանի ամեն օրվա համար` հանուն մեր հայրենիքի կենսունակության և առաջընթացի, հանուն համայն հայության միացյալ և պայծառ ապագայի:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Աջի ներքո խաղաղ պահպանի Հայաստանի Հանրապետությունը, օրհնի Մեր զավակներին` ապրելու և գործելու հանուն կայուն ու զարգացող մեր երկրի, հզոր ու պայծառ հայրենիքի:
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան: