Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խորը մտահոգություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի (CTBT) վավերացումը հետ կանչելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Ցավոք սրտի, սա նշանակալի քայլ է սխալ ուղղությամբ, որը մեզ ավելի է հեռացնում Պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց, այլ ոչ թե ավելի մոտեցնում դրան», - ասել է Բլինկենը՝ հինգշաբթի օրը Պետդեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարության մեջ: «Ռուսաստանի գործողությունները միայն կխաթարեն սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմի նկատմամբ վստահությունը։ Մենք բարձր ենք գնահատում անհանգստության մասին նմանատիպ հայտարարությունները, որոնք վերջին շաբաթների ընթացքում արվել են բազմաթիվ այլ պետությունների կողմից՝ այս քայլի վերաբերյալ»:
Բլինկենն ասել է, որ «սա Մոսկվայի անհանգստացնող և սխալ ջանքերի շարունակությունն է՝ բարձրացնելու միջուկային ռիսկերը և ուժեղացնելու լարվածությունն Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմի ընթացքում»:
«Ռուս պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանի՝ վավերացման ծրագրից պլանավորվող դուրս գալը չի նշանակում փորձարկումների վերսկսում, և մենք կոչ ենք անում Մոսկվային հավատարիմ մնալ այդ հայտարարություններին», - ասել է Բլինկենը: «Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի ուժի մեջ մտնելուն, և մենք վերահաստատում ենք միջուկային պայթուցիկների ցանկացած փորձարկման 30-ամյա մորատորիումին մեր հավատարմությունը»:
Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է միջուկային պայթուցիկ նյութերի փորձարկման արգելքի պահպանման անհրաժեշտությունը։