ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հանրապետության անկախության 22- ամյակը: Մեջբերում` «Անկախության պարը
1991 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում էի: Հանրաքվեին չէի մասնակցել. անչափահաս էի դեռ` 16 տարեկան: Քվեարկության արդյունքները կանխորոշված էին, եւ հրապարակում բազմություն կար: Համերգ էր. բեմի վրա պարային համույթ էր ելույթ ունենում, երեւի` Պարի պետական անսամբլը: Ինչ-որ մի պահի նկատեցի, որ բազմությունը բեմին չի նայում, այլ լրիվ հակառակ ուղղությամբ: Երաժշտություն էր հնչում, հայկական խրոխտ պարեղանակ, բեմի վրա ելույթ էր ունենում վաստակավոր կոլեկտիվ: Բազմությունը, սակայն, մեջքով դեպի բեմը ծափ էր զարկում ինքնամոռաց: Չէի հասկանում` ինչ է կատարվում, եւ ում են ծափ տալիս մարդիկ:

Շարժվեցի նրանց հայացքների ուղղությամբ. հրապարակի կենտրոնում հարթակ էր բացված, եւ մի մարդ պարում էր մեջլիս դուրս եկած: Պարում էր` բեմից հնչող երաժշտության ներքո, մարդիկ ծափ էին տալիս նրան զուգահեռ: 50-ն անց տղամարդ էր` ճաղատ, բարակ սպիտակ բեղերով, հաստաբազուկ ու հայկական փորով: Ու պարում էր: Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ` այս 19 տարում այդ մարդուն եմ հիշել ու նրա պարը` ամեն անգամ, երբ խոսք է եղել Անկախության մասին: Ամեն անգամ, երբ հայհոյանք եմ լսում Անկախության հասցեին կամ քրթմնջոց, այդ մարդուն եմ հիշում ու նրա պարը: Ու նրան ծափ տվող բազմությանը ու վերջինիս միացած, ծառայությունը մոռացած ոստիկաններին: Առեղծվածային էր այդ մարդու պարը եւ մեծախորհուրդ: Մտածում էի, թե ժամեր առաջ նա պարել չգիտեր, չի իմացել պարել: Եւ հանկարծ` սեպտեմբերքսանմեկյան երեկոյի մեջ գիտակցել է, որ անկախ երկրի քաղաքացի է, ու պար է ծնվել նրա հոգում` անզուգական եւ անկրկնելի, որ նախկինում ոչ ոք չի պարել: Չի եղել պարզապես նման պար նախկինում: Նա հորիզոնական տարածել էր ձեռքերը, ափերը լայն բացված էին, եւ թռչում էր կարծես: Այդ լայնատարած թեւերը հովանի էին Հայաստանի վրա: Ես հասկացա, որ պար է Անկախությունը: Հենց այն պարը, որ առեղծվածային քաղաքացին պարում էր 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում: Երբ դրանից հետո պարելու առիթ եմ ունեցել, ամեն անգամ այդ մարդուն եմ հիշել ու նրա պարը: Փորձել եմ վերցնել նրա պարը, շարունակել այն: Ես պարում եմ նրա նման, ապրում` նրա պարից ոգեշնչված եւ այդ պարը Հանրապետության հրապարակ վերադարձնելու երազանքով»: