«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստը» տեղեկացրել էր, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում արգելվելու է մեծ բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն: Երեկ այս նախաձեռնությունն իրականություն դարձավ: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացրեց մանրամասները:
«Փոքր կենտրոնում ենթակառուցվածքներն այնպիսին են, որ ճանապարհների թողունակությունը սահմանափակ է: Տրանսպորտային մեծ միջոցների հոսքերի դեպքում կառավարել անհնար է դառնում: Փողոցները լայնացնելու հնարավորություն չկա, ուստի երթևեկության կազմակերպման համար պետք է կիրառել սահմանափակումներ: Սա իրենից ենթադրում է որոշակի բարեփոխումների փաթեթ, որի առաջին քայլով որոշվել է ժամային սահմանափակում կիրառել բեռնատար ավտոմեքենաների մասով: Ժամային սահմանափակման տրամաբանությունը հետևյալն է՝ 2,5 և ավելի տոննա ընդհանուր բեռնվածության գործակից ունեցող տրանսպորտային միջոցները պետք է մուտք գործեն տվյալ հատված երեկոյան ժամը 21:00ից մինչև առավոտյան 7:00-ն ընկած ժամանակահատվածում: Սա իր հերթին կբերի երթևեկության մասնակիցների որոշակի նվազում, որն ինքնին որոշակի ազդեցություն կունենա երթևեկության վրա: Միանշանակ սա ամբողջությամբ չի լուծելու խցանումների խնդիրը փոքր կենտրոնում, բայց լուծման գործընթացում իր մասնակցությունը միանշանակ կունենա»,-ասում է Հարությունյանը:
Երթևեկության կարգավորմանը նպաստելուն է ուղղված նաև հանրային տրանսպորտի համար գծերի առանձնացումը: «Երթևեկության մասնակիցների նկատմամբ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն: Մասնավոր տրանսպորտային միջոցի օգտագործումը պետք է լինի ոչ գրավիչ: Քաղաքացին պետք է միշտ մտածի, որ հասարակական տրանսպորտով երթևեկելը լինելու է ավելի հարմար և իր ցանկալի վայրը հասնելու է ավելի շուտ, քան իր մասնավոր մեքենայով: Այս որոշումը կյանքի կոչելու առաջնային ուղղություններից մեկն այն է, որ հասարակական տրանսպորտի համար պետք է լինի առանձնացված գիծ, որպեսզի հասարակական տրանսպորտը չհայտնվի խցանումների մեջ, ժամանակ չկորցնի, երթևեկի ավելի արագ, հարմարավետ ու անվտանգ:
Ավարտում ենք Հերացի փողոցի կահավորումը համապատասխան տեխնիկական միջոցներով, այս շաբաթ արդեն կգործի ամբողջությամբ, երկու կողմում առաջին երթևեկելի գոտին կհատկացվի հասարակական տրանսպորտին: Այս գործընթացը շարունակական է լինելու, իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ հիմնական ուղևորահոսքը սպասարկող երթուղիները, որոնք իրար են կապում խոշոր վարչական շրջանները, գրեթե ամբողջությամբ պետք է ունենան առանձնացված ավտոբուսային գծեր, որպեսզի տվյալ երթուղիները մաքսիմալ արագ կարողանան քաղաքացիների սպասարկում իրականացնել: Այսօր արդարացի դժգոհություն կա, որ հասարակական տրանսպորտի հաճախականության գրաֆիկները խախտվում են, և արդյունքում ուղևորը կանգառում երկար է սպասում իրեն սպասարկող տրանսպորտին: Այս խնդրի կարգավորմամբ տվյալ ուշացումների հարցը կլուծվի, և պատշաճ որակի սպասարկում կիրականացվի»,-նշում է մեր զրուցակիցը:
Չնայած, որ մայրաքաղաքը ձերբազատվեց գազելներից, և հիմա քաղաքացիներին սպասարկում են անվտանգ ու տարողունակ ավտոբուսները, հատկապես պիկ ժամերին դրանք գերծանրաբեռնված են: Հարությունյանը նախ իր արտահայտած նախորդ մտքին է հղում անում, իսկ հետո հավելում, որ արդեն հաջորդ տարի Երևան կհասնի ավտոբուսների նոր խմբաքանակը: «Ծանրաբեռնվածության մի խնդիրը ժամային գրաֆիկի հաճախականության խախտումն է, եթե ավտոբուսը նախատեսված 10 րոպեն մեկ կանգառ չի հասնում, այնտեղ ուղևորահոսքն ավելանում է, և մոտեցած տրանսպորտային միջոցում ծանրաբեռնվածությունը շատանում է: Առանձնացված երթուղիները որոշ չափով այս խնդիրը կկարգավորեն: Երկրորդ՝ պետք է պահանջվող թվաքանակի շարժակազմի ավելացում, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի:
Այս մասով ունենք 30 սպասվող ավտոբուս գործող պայմանագրով, որն անցած տարվա մրցույթի արդյունքում հայտարարվել էր, Երևան համայնքը բանակցեց մատակարարի հետ և թվով 30 ավտոբուս ավելացվեց` առանց պայմանագրի գնից համայնքի կողմից ավելի վճարելու: Այս 30 ավտոբուսը հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին կլինի Երևանում: Գնումների վարչությունը և տրանսպորտի վարչությունը գնման հայտ է ուղարկել 170 հատ 8 և 6 մետր երկարությամբ և 60 տեղատարողությամբ ավտոբուսների ձեռքբերման, մրցույթի կայացման արդյունքում նախնական հաշվարկների արդյունքում հունիս-հուլիս ամիսներին դրանք կժամանեն Երևան: Ինչպես նաև ներկայումս շարունակվում է գործընթացը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական միջոցներ հատկացնելու մասով, որը պետք է ուղղվի 250 էլեկտրական 18 մետր երկարությամբ ավտոբուսների ձեռքբերմանը: Մայրաքաղաքի ավտոբուսային պարկում էական փոփոխություն կլինի արդեն 2024 թ.-ի ընթացքում»,-ընդգծում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Որպես բարեփոխումների փաթեթի փուլային գործողություն դիտարկվում է նաև վճարովի ավտոկայանատեղիի տեղական վճարի վերանայում:
«Սրա տրամաբանությունը ոչ թե վճարի չափի ավելացումն ու շատ գումար հավաքագրումն է, այլ սա հստակ դիտարկվում է որպես սահմանափակման գործիք: Վճարի չափի գումարի վերանայման արդյունքում կսահմանափակենք տրանսպորտային միջոցների մուտքը դեպի փոքր կենտրոն, որը նույնպես կառաջացնի երթևեկության մասնակիցների քանակի նվազեցում ու երթևեկության միջին արագության բարձրացում»,-եզրափակում է Վազգեն Հարությունյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում