Մոտ 1,4 հազար մարդ Երուսաղեմում Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) շենքի մոտ բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը, գրում է The Times of Israel թերթը։
Ակցիան տեղի է ունեցել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակման 30-օրյա տարելիցի օրը։ Միջոցառումը կազմակերպել են երկրի հարավային շրջանների վրա հարձակման ժամանակ զոհված մարդկանց հարազատները։ Ակցիայի առաջին մասը տեղի է ունեցել առանց քաղաքական պահանջների. մասնակիցները մոմերով գետնին գրել են «7.10» (հոկտեմբերի 7), ինչպես նաև ցանկապատի վրա փակցրել են Գազայի հատվածում պահվող 240 պատանդների լուսանկարները:
Ակցիայի երկու կազմակերպիչներ՝ Մաոզ Ինոնը, ում տարեց ծնողները սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, և Յակով Գոդոն, որը կորցրել է որդուն, վրան են խփել խորհրդարանի մոտ և ասել, որ այնտեղ կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ Նեթանյահուն չի հեռանալ պաշտոնից։ Նրանք նշել են, որ դեմ են Գազայի հատվածում պատերազմին եւ պահանջում են հրադադար։