Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում 130 հորանցքի ոչնչացման մասին։
«Գազայի հատվածում ցամաքային զորքերի գործողությունների շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս աշխատում է ՀԱՄԱՍ-ի թունելների հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ: Ռազմական գործողությունների սկզբից ի վեր ոչնչացվել է 130 հորանցք»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում։
Մինչդեռ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, ելույթ ունենալով բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում, չի կարողացել նշել հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների արդյունքում զոհված խաղաղ բնակիչների թիվը։ «Ես չգիտեմ ճշգրիտ թիվը... Ես չգիտեմ, թե քանի մարդ է զոհվել Գազայի հատվածում», - ասել է նա: Դերմերը հայտարարել է, որ չի կարող հաստատել կամ հերքել Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները ավելի քան 10 հազ․ խաղաղ բնակչի զոհվելու մասին, սակայն գերատեսչությանը մեղադրել է նախկինում ՀԱՄԱՍ-ի մարտիկների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին սխալ թվեր տրամադրելու մեջ: «Ես չեմ կարող ձեզ ասել (զոհված) մարդկանց թիվը, բայց կարող եմ ասել, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր խաղաղ բնակչի մահը ողբերգություն է։ Դրանք օրինական ռազմական գործողությունների ոչ դիտավորյալ հետևանքներն են, որոնք առկա են ցանկացած պատերազմում»,- հավելել է նա: