Մի քանի քաղաքացիական ակտիվիստներ այսօր` ՀՀ Անկախության օրվա առթիվ նախաձեռնել են համազգային երթ: Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը, կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին` միանալ սեպտեմբերի 21-ին ժամը 16-ին Ազատության հրապարակից սկսվող երթին, վերահաստատելու համար ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը:
Մենք մերժում ենք Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը հակասում է 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին եւ 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:
Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կախված սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին:
Մենք հայտարարում ենք,Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ իր անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող որևէ միության: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի»:
Նշենք, որ երթուղին նախատեսված է Ազատության հրապարակ- Հյուսիսային պողոտա- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Բ-26- Ազատության հրապարակ: