2023 թվականի նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Բաքուն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումը բնաջնջման և հալածանքի սպառնալիքի տակ «ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»։
«Լիովին անհիմն է, որ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի` հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը Հայաստանի վարչապետի կողմից որակվել է որպես «տարածքային հավակնություններ» և «ագրեսիայի նախապատրաստում» Հայաստանի դեմ։ Հենց հայկական կողմն ամբողջովին մերժեց «Արևմտյան Ադրբեջան» համայնքի երկխոսության առաջարկը՝ դրանով իսկ ցույց տալով իր անշահագրգռությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ»,- ընդգծել է Բաքուն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ 44-օրյա պատերազմից հետո հենց Ադրբեջանն է Հայաստանին խաղաղություն առաջարկել՝ հիմնված 5 հիմնարար սկզբունքների վրա, որոնք, ինչպես պարզվեց, Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու նպատակ ունեին։
«Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը, հրաժարվել խաղաղ հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված պատմական հնարավորությունները՝ Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և համագործակցության տարածքի։ Հուսով ենք, որ Հայաստանը ադեկվատ կերպով կարձագանքի Բաքվի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և մոտ ապագայում խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչերին»,- նշելէ Ադրբեջանի ԱԳՆ-ն։