Իսրայելական զինվորականները սկսել են գրոհել Գազայի հատվածում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին։

Պարբերականի խոսքով՝ «օկուպացիոն ուժերը գրոհում են Ալ-Շիֆա հիվանդանոցի արևմտյան թևը»։ Բժշկական համալիրի որոշ հատվածներում լսվում են կրակոցների ձայներ։


Ավելի վաղ տեղեկություն էին ստացվել, որ հիվանդանոցում կա մոտ 700 հիվանդ և 700 աշխատակից, ևս 2-3 հազար մարդ պատսպարվում է այս բուժհաստատությունում։ Մարդիկ չեն կարող հեռանալ, քանի որ հարակից տարածքները մշտապես գնդակոծվում ու ռմբակոծվում են իսրայելական բանակի կողմից։

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, Իսրայելի պաշտպանության բանակի տասնյակ զինվորներ մտել են Ալ-Շիֆա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք։ Մի քանի տասնյակ իսրայելցի զինվորներ մնում են հիվանդանոցի ներսում, որը «լեփ-լեցուն է հիվանդներով», այդ թվում՝ «մեծ թվով նորածին երեխաներով»։ Հեռուստաալիքը հայտնում է նաեւ բժշկական համալիրի բակում տեղակայված Իսրայելի ԶՈւ տանկերի մասին։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ զինվորականները «չեն գրավում» Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը՝ պնդելով, որ իսրայելական զորքերը «նպատակային և նպատակաուղղված գործողություններ են իրականացնում կոնկրետ վայրում... Համասին հաղթելու և, հնարավոր է, պատանդներին փրկելու համար»:

«Մեր նպատակն է [պատանդներին] տուն բերել։ Մեր նպատակն է գտնել Համասին, որտեղ էլ որ նրանք թաքնվեն», - CNN-ին ասել է փոխգնդապետ Փիթեր Լերները՝ նկարագրելով հիվանդանոցը որպես ահաբեկչական խմբավորման գործողությունների «գուցե նույնիսկ բաբախող սիրտ»:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ «Ալ-Շիֆա բժշկական համալիրի վրա հարձակման համար ամբողջական պատասխանատվություն են կրում օկուպացիոն բանակը (Իսրայել) և նախագահ Բայդենը»:

«Սպիտակ տան և Պենտագոնի կողմից կեղծ (իսրայելական) վարկածի ընդունումը, որ դիմադրությունն օգտագործում է «Ալ-Շիֆա» բժշկական համալիրը ռազմական նպատակներով, օկուպացիոն իշխանություններին կանաչ լույս է տվել խաղաղ բնակչության դեմ հետագա ջարդեր իրականացնելու համար», - ասել է ՀԱՄԱՍ-ը:

Հիվանդանոցից ստացված վերջին հաղորդումների համաձայն՝ հարյուրավոր աշխատակիցներ և հիվանդներ դեռևս գտնվում են Ալ-Շիֆայում, ինչպես նաև մի քանի հազար մարդ, որոնք փախել են Իսրայելի օդային և ցամաքային հարձակումներից, հայտնում է CNN-ը։

Հիվանդանոցի բժիշկ Խալեդ Աբու Սամրան CNN-ին ասել է, որ իրենք զգուշացվել են իսրայելական գործողության սկսվելուց 30 րոպե առաջ: «Մեզ խնդրեցին հեռու մնալ պատուհաններից և պատշգամբներից: Զրահամեքենաների ձայն ենք լսում, դրանք շատ մոտ են համալիրի մուտքին»,- ասել է նա։

Հիվանդանոցում աշխատող լրագրող Խադեր ալ Զաանունն ասում է, որ իսրայելական տանկերը մտել են հիվանդանոցային համալիր, և բակում փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Պաղեստինի առողջապահության նախարար դոկտոր Մայ Ալ-Քեյլան ասել է, որ արշավանքը «նոր հանցագործություն է մարդկության, բժշկական անձնակազմի և հիվանդների դեմ»:

Սա կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ հիվանդների և բուժանձնակազմի համար, նշել է նա: