Մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանն նէ, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսականզ արգացումն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
«Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։ Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, եւ սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,- ասաց նա:
Փաշինյանը հարց ուղղեց, թե որքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչեւ տարեվերջ կամ առաջիկա ամիսներին:
«Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։
Առաջին սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։
Հենց սա ապահովելու համար է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաջորդ կարևոր սկզբունքը արձանագրվել. 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքն է։ Ըմբռնում կա նաև այն մասին, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն Խորհրդային միության Զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-1990 թվականի քարտեզները։ Համաձայնեցված է նաև հետևյալը՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել։
Հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ տարածաշրջանային կոմունիկացիները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության հիման վրա»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ իրենք պատրաստ են րոպե առաջ մեկնարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործումը՝ ակնկալելով տարածաշրջանային երկրների ու միջազգային հանրության աջակցությունը։