«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու։ Նրանից հետո հանձնաժողովը որոշել է ծանուցել նաեւ ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ում պատերազմից հետո մեղադրանք էր առաջադրվել։


Անդրանիկ Քոչարյանը որոշել է Ջալալ Հարությունյանով եզրափակել հանձնաժողովի աշխատանքները, իսկ դեկտեմբերի սկզբին կհայտարարվի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, դրանից հետո երկամսյա ժամկետում էլ խորհրդարանին կներկայացվի զեկույցը։


Հիշեցնենք, որ Շահրամանյանը քննիչ հանձնաժողով է գնալու նոյեմբերի 24-ին, իսկ ընդդիմությունը պնդում է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է օգոստոսին, եւ այժմյան գործողություններն իրավասությունների գերազանցում են»: