Ռուս մասնագետները ձեռնամուխ են եղել հետախուզական և հարվածային նշանակության հեռանկարային ստրատոսֆերային համալիրի ստեղծմանը, որն առցանց ռեժիմով փոխանցելու է հայտնաբերված թիրախների կոորդինատները հրետանային ստորաբաժանումներին, ռազմանավերին և ավիացիային:
Ինչպես հայտնում է «Техкульт»-ը, առաջադեմ համալիրի հիմքում լինելու է ինքնաթիռ, որը կարող է գործել մեծ բարձրությունների վրա, ներառյալ ստրատոսֆերան, այսինքն՝ 11000 մետրից բարձր: Առաջադրանքները կատարելու համար ինքնաթիռում կտեղադրվեն ռադիոտեղորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև տարբեր հետախուզական, այդ թվում՝ օպտիկա-էլեկտրոնային և ռադիոտեխնիկական համակարգեր։
Այս համալիրի հիմնական նպատակն է հայտնաբերել թիրախները շփման գծում և հակառակորդի թիկունքում, դրանց տեսակներն ու կոորդինատները փոխանցել հարվածային ստորաբաժանումներին, որոնք օպերատիվ կերպով կհարվածեն դրանց: Ըստ ստեղծողների, հարվածների արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա։
Համալիրը հանդերձված կլինի կախովի հետախուզական բլոկներով կամ կոնտերնեյներով, որոնք ստեղծվել են «Сыч» ծածկագրով մշակման աշխատանքների ընթացքում, որոնց կայուն աշխատանքը մեծ բարձրությունների վրա այժմ փորձարկվում է M-55 «Геофизика» մոդելի ինքնաթիռի վրա։
Հիշեցնենք, որ «Геофизика»-ն ի վիճակի է հասնել մոտ 20000 մետր բարձրության և ստեղծվել է հետախուզական օդապարիկները որսալու համար, որոնք ժամանակին ակտիվորեն օգտագործվում էին ամերիկյան ռազմական հետախուզության կողմից՝ ԽՍՀՄ տարբեր շրջաններում խոշոր արդյունաբերական և ռազմավարական օբյեկտները հետազոտելու համար: Ավելի ուշ M-55-ը դարձավ հետախուզական թռչող սարք և լայնորեն օգտագործվում է տարբեր բարձրություններում հետազոտությունների համար։