Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ եթե իրավիճակը Գազայի հատվածում շարունակվի, հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը, գրում է Mehr-ը։
Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Ժնևում առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շրջանակում։
«Մենք անկեղծ, հստակ և կարևոր քննարկումներ ունեցանք Ֆրանսիայի արտգործնախարարի հետ և հասկացանք, որ դուք, Ամերիկայի հետ միասին, չեք կարող խոսել միայն ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին։ Եվ մենք ասացինք, որ, մեր կարծիքով, Համասը պաղեստինյան ազատագրական շարժում է, որը դեմ է օկուպացիային։ Թեև մենք միշտ դատապարտել ենք կանանց և երեխաների սպանությունն ամբողջ աշխարհում, Ամերիկայի և արևմտյան որոշ երկրների լռությունը Պաղեստինում երեխաների և կանանց սպանության վերաբերյալ ուղղակի անհանդուրժելի է»,- ասել է նա։
Ժնևում Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով, նրանք «անկեղծ և կարևոր զրույց են ունեցել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների, երկկողմ և հյուպատոսական հարցերի, Իրանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հեռանկարների շուրջ»:
«Մենք նախազգուշացրել ենք Գազայում շարունակվող ռազմական հանցագործությունների հետևանքների մասին։ Ընդգծվել է նաև Գազայում ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու, մարդասիրական օգնություն ուղարկելու և քաղաքացիական գերիների փոխանակման անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Ամիր Աբդոլլահյանը նաև ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը համաձայն է, որ պատերազմը չպետք է ընդլայնվի։
«Մենք նախազգուշացրել ենք, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա բոլոր հնարավորությունները նախատեսված են, այդ թվում՝ պատերազմի մասշտաբների հետագա ընդլայնում»,- ասաց նա։
Իր հերթին, Ֆրանսիայի արտգործնախարարն իր իրանցի գործընկերոջն ասել է, որ Թեհրանը «ծանր պատասխանատվություն» է կրում՝ կանխելու պատերազմի տարածումը ողջ տարածաշրջանում։
Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է, որ «բոլոր միջոցները» պետք է ձեռնարկվեն պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հասանելիությունը երաշխավորելու համար: