Երևան քաղաքի ավտոբուսների շարժակազմը շուտով կհամալրվի ևս 30-ով։ Այն ընկերությունը, որն արդեն մատակարարել է «Ժոնգ Թոնգ» մակնիշի 150 ավտոբուս, բանակցությունների արդյունքում համաձայնել է ևս 30 նոր ավտոբուս մատակարարել նույն պայմանագրի գնով։ Այսինքն՝ առանց գործող գնի փոփոխության, կմատակարարվի ևս 30 ավտոբուս։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ ավտոբուսների այդ խմբաքանակը Չինաստանից դուրս է եկել և ճանապարհին է։ Ակնկալվում է, որ մինչև փետրվար ավտոբուսները կլինեն Հայաստանում։
«Նախատեսվում է նաև նոր մրցույթ անցկացնել, որով ևս 171 հատ 8,5 մ երկարությամբ նոր շարժակազմ ձեռք կբերվի։ Ակնկալում ենք, որ մրցույթը կկայանա, կունենանք հաղթող մասնակից։ Այդ դեպքում մատակարարման ժամկետը սահմանված է 6 ամիս, և մինչև 2024 թվականի օգոստոս կունենանք ևս 171 ավտոբուս»,-ասաց Վազգեն Հարությունյանը։
Նշված շարժակազմը պլանավորվում է կիրառել գործող երթուղիներում։ Մասնավորապես, կփոխարինվեն շարժակազմում առկա մանուշակագույն ավտոբուսները, որոնք հին են։ Նոր ձեռք բերված շարժակազմի մի մասը կհամալրի տվյալ երթուղիները, որով կբարձրացվի սպասարկման որակը։
«Դրանի բացի, Երևանում ունենք տեղեր, որտեղ տրանսպորտի հասանելիությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Պլանավորվում է 1-2 երթուղի ևս կազմակերպել՝ ծածկույթն ավելացնելու մասով։ Ասեմ, որ ներկայում բանակցություններ են տարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։ Դրական արդյունքի դեպքում, պլանավորվում է ձեռք բերել 259 հատ 18 մետր երկարությամբ նոր ավտոբուսներ։ Այս մասով ժամկետները հստակ չեն, սակայն ակտիվորեն աշխատանքները տարվում են»,-ասաց Վազգեն Հարությունյանը։