«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կկալանավորի։ Նա անցնում է կաշառքի գործով, որի չափը, մեզ հասած լուրերի համաձայն, 20.000 դոլարի է։ Նկատենք, որ Փոլադյանի շուրջ այս աղմուկը խիստ կասկածելի է։ Բանն այն է, որ դատավորի կինը՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը եւս անցնում է քրեական գործով:
2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:
2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու եւ վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:
Նշենք, որ Անի Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը: Իսկ, ահա, Տիգրան Փոլադյանի եղբայրը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանն էր, որի գործունեության մասով 2021 թվականին գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, իսկ այդ ժամանակ դեպարտամենտի ղեկավարը Կարեն Փոլադյանն էր: Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ գործընթաց են սկսել Փոլադյանի եւ նրա ընտանիքի անդամների մասով, չի բացառվում՝ քաղաքական իշխանության հրահանգով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: