Պենտագոնը նախազգուշացրել է, որ առանց Ուկրաինայի համար լրացուցիչ ֆինանսավորման ԱՄՆ Կոնգրեսի հավանության՝ իր հնարավորությունները կսպառվեն դեկտեմբերի 30-ին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Մակքորդի նամակին։
Պարբերականը գրել է, որ դեկտեմբերի 15-ին պաշտոնյան ամերիկյան օրենսդիրներին տեղեկացրել է, որ վերջին 1,07 մլրդ դոլարը կծախսվի նոր սպառազինությունների ձեռքբերման համար՝ ԱՄՆ զինանոցի համալրման նպատակով։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին դեկտեմբերի 18-ի ճեպազրույցում հաստատել է, որ Միացյալ Նահանգները դեկտեմբերին եւս մեկ փաթեթ կուղարկի Կիեւ, ինչից հետո միջոցները կսպառվեն։
ԱՄՆ վարչակարգը հոկտեմբերին Կոնգրես է ուղարկել 2024 ֆինանսական տարում (սկսվել է հոկտեմբերի 1-ին) լրացուցիչ բյուջետային հատկացումների խնդրանք։ Դա առաջին հերթին վերաբերում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնության ցուցաբերմանը, ինչպես նաեւ Չինաստանին եւ Ռուսաստանին դիմակայելուն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս նպատակների համար Բայդենի վարչակազմը կցանկանար ստանալ մոտ 106 մլրդ դոլար։ Խնդրանքի հետագա ճակատագիրը հարցականի տակ է։ Մի քանի հանրապետականներ ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Կիեւին ֆինանսական աջակցության ցուցաբերմանը։