ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ հաղթող քաղաքական գործչի անձը գնալով ավելի կարեւոր է դառնում աշխարհում, և որ եվրոպացիների համար «շատ-շատ կարեւոր» է, թե ով կհաղթի ԱՄՆ գալիք ընտրություններում։
«Ով է ղեկավարում, ավելի ու ավելի կարեւոր է դառնում։ Թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, դա մեզ՝ եվրոպացիներիս համար շատ կարևոր հարց է»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Sommet Grand Continent համաժողովում։
Բորելն իր խոսքերը բացատրել է նաև նրանով, որ ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները «կարող են Ռուսաստանին ավելի բարենպաստ սցենար տալ»։
Խոսելով 2024 թվականին ԵՄ երկրներում և եվրոպական կառույցներում կայանալիք ընտրությունների մասին՝ Բորելը վստահություն է հայտնել, որ դրանց վրա էական ազդեցություն կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները:
«Այդ հակամարտությունները մեզ համար ունեն անմիջական հետևանքներ և ազդում են անվտանգության իրավիճակի վրա։ Հետեւաբար, դրանք, իհարկե, ազդեցություն կունենան ընտրությունների վրա։ Ես վախենում եմ մեր ընտրողների վախից, վախենում եմ, որ կքվեարկեն՝ առաջնորդվելով վախի զգացումով, քանի որ անհայտության վախը եւ անկայունության վախը ստիպում են ընտրել նրանց, որոնք անվտանգություն են առաջարկում», - բացատրել է Բորելը եվրոպական մի շարք երկրների վերջին ընտրություններում աջ ուժերի հաջողության ֆենոմենը, որոնք, նրա խոսքով, «խաղացել են ընտրողների վախի զգացողության վրա»: