Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և Արշակ Պետրոսյանը շնորհավորել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Հայաստան Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն Նախագահ:
Ամբողջ հոգով շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Մենք հպարտ ենք, որ մեր երկիրը կշարունակեք առաջնորդել Դուք, որ միաժամանակ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն եք:
Անհնար է գերագնահատել Ձեր դերը Հայաստանի տարած փառահեղ հաղթանակներում, մասնավորապես` շախմատի համաշխարհային օլիմպիադաներում և աշխարհի առաջնություններում: Չնայած Ձեր հսկայական ծանրաբեռնվածությանը, Դուք ժամանակ եք գտնում` գլխավորելու մեր շախմատային կազմակերպությունը, և հինավուրց խաղի բնագավառում Հայաստանի տարած փայլուն հաղթանակներն անհնար կլինեին առանց Ձեր աջակցության:
Մենք, անմիջականորեն շփվելով Ձեզ հետ, համոզվել ենք, որ Ձեզ բնորոշ են նպատակասլացությունը, հոգատարությունը, մարդկանց ուշադիր լսելու և ապա միայն որոշումներ ընդունելու կարողությունը, խնդիրները լուծելու, անմիջական և անկեղծ շփվելու, ոգևորելու և առաջնորդելու ունակությունները:
Վստահ ենք, որ Ձեր մարդկային և գործնական այդ հատկանիշները ամբողջովին և լավագույն ձևով կդրսևորվեն Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում, մեր կյանքի բոլոր բնագավառներում:
Մաղթում ենք Ձեզ նորանոր նվաճումներ` ի փառս մեր հայրենիքի:
Ստամբուլի շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ`
Լևոն Արոնյան
Սերգեյ Մովսիսյան
Վլադիմիր Հակոբյան
Գաբրիել Սարգսյան
Տիգրան Պետրոսյան
Արշակ Պետրոսյան