Այսօր առավոտվանից ի պաշտպանություն ձերբակալված Վոլոդյա Ավետիսյանի նստացույց են սկսել Վարդենիսի և Գյումրիի ազատամարտիկները: ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասել է Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներից Տիգրան Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք ևս Երևանում շարունակելու են նստացույցը, իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Իսկ Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանը, պատմել է, թե ինչպես են իր հորը բերման ենթարկել: Նա ասել է, որ սեպտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում իր հորը դուրս են կանչել և իբր հրավիրել զրույցի 4 քաղաքացիական հագուստով անձինք, որից հետո նրան անհայտ ուղղությամբ տարել են իրենց մեքենայով: Նորայր Ավետիսյանն ասում է, որ իրենք միայն հաջորդ օրը առավոտյան են իմացել, որ հայրը գտնվում է ռազմական ոստիկանությունում: Այնտեղից քննիչը զանգահարել է իրեն և Վոլոդյա Ավետիսյանի անձնագիրն է պահանջել: Նորայրը տարել է անձնագիրը, տեսակցել հոր հետ, հայրն ասել է, որ նորմալ է զգում իրեն:


