Ահավոր ողբերգություն է տեղի ունեցել ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսի օկրուգի Լանկաստեր քաղաքում. ծնողների աչքերի առջեւ գնդակահարվել է 4-ամյա Գոռ Ադամյանը, գրել է Nation World News-ը։
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի հայտարարության համաձայն՝ ժամը 19.30-ին մոտ ամուսինները դուրս են եկել մթերքներ գնելու իրենց քառամյա որդու հետ, որը նստած էր մեքենայի հետեւի նստարանին, երբ մեկ այլ վարորդ կանգնեցրել է նրանց, իսկ հետո գնացել նրանց հետեւից։
Երբ ընտանիքն արգելակել է մեքենան, նրանց մեքենային է մոտեցել մեկ այլ վարորդ եւ սկսել կրակել՝ սպանելով քառամյա տղային։
Երբ լսվել են կրակոցները, հայ ընտանիքին օգնության են նետվել մարդիկ մերձակա ձեռնարկություններից, բայց, ցավոք, քառամյա տղան մահացել էր։
Երեխայի սպանության մեջ կասկածանքով ձերբակալվել են երկու մարդ՝ 29-ամյա Բայրոն Բուրկհարթը եւ 27-ամյա Ալեքսանդրիա Ջենթիլեն։
Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Փերիսը տեղի ունեցածն անվանել է «ներքին ահաբեկչության ահավոր ձեւ»։
«Չի կարելի քաղաք գալ եւ կրակել քառամյա տղայի վրա... Ես մահապատիժների մեծ կողմնակից չեմ։ Բայց որոշ հանցագործություններ շատ ավելին են պահանջում, քան այն, ինչ դրանք տալիս են մարդկանց, որովհետեւ իրավիճակն ավելի է վատանում»,- նշել է քաղաքապետը։