Մի շարք արտիստներ ներողություն են խնդրում՝ հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթին մասնակցելու համար, քանի որ նրանց համերգները սկսել են չեղարկվել, ասում է Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն։ Lenta.ru-ի հետ զրույցում նա հորդորել է չներել երգիչներ Ֆիլիպ Կիրկորովին, Դիմա Բիլանին եւ երգչուհի Լոլիտային։
«Ես հասկանում եմ այն, որ աստղերը սկսել են ներողություն խնդրել․ ցավում են իրենց փողերի համար։ Ուստի նրանք հիմա կսկսեն ներողություններ խնդրել։ Բայց, ճիշտն ասած, ես նրանց չէի ների այս Ամանորին, ամեն տեղից կքշեի, որ ամաչեին»,-ասել է Դրապեկոն։
Պատգամավորի խոսքով՝ սկանդալային խնջույքին մասնակցած արտիստները չեն կարող օրինակ լինել ռուսների համար.
«Իսկական արվեստագետները պետք է օրինակ ծառայեն։ Մարդիկ ցանկանում են նմանվել նրանց, հատկապես երիտասարդները։ Իսկ սրանք հակահերոսներ են»,-եզրափակել է նա։
Հավելենք, որ Ֆիլիպ Կիրկորովը հրապարակավ ներողություն է խնդրել ռուսներից՝ Անաստասիա Իվլեեւայի խնջույքին մասնակցելու համար։ Նա նշել է, որ, իր կարծիքով, արդարացումներ անելը «տղամարդկային չէ», բայց յուրաքանչյուր մարդու կյանքում կան սխալներ։ Երգիչը պատմել է, որ հենց հասկացել է, թե ինչ է կատարվում, հեռացել է ակումբից։ Ներողություն են խնդրել նաեւ երգիչ Դիմա Բիլանը եւ երգչուհի Լոլիտան։
Բլոգերի սկանդալային երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ի գիշերը՝ մոսկովյան «Մութաբոր» ակումբում։ Միջոցառման դրես կոդը պահանջում էր նվազագույն հագուստ: Երեկույթին մասնակցել են արտիստներ Ֆիլիպ Կիրկորովը, Լոլիտա Միլյավսկայան, Դիմա Բիլանը, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւ շոու բիզնեսի այլ աստղեր։