Երեւանը եւ Բաքուն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ, հուսով ենք, որ այն կկնքեն որքան հնարավոր է շուտ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք իսկապես փաստում ենք, որ երկրներն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Իհարկե, ոչ ի վնաս որակի։ Ուստի մենք բոլորի հետ միասին սպասում ենք, թե երբ այդ աշխատանքը կավարտվի։ Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմում՝ թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Եվ իհարկե, մենք դրան աջակցում ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն բանակցել Պետերբուրգում, բայց բոլորը կարճ շփումների հնարավորություն ունեին ոտքի վրա, նշել է Պեսկովը։
«Ոչ, երեկ նրանք բանակցություններ չեն անցկացրել։ Բայց միշտ նման միջոցառումները, եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ այդ թվում, լավ հնարավորություն են ոտքի վրա, կարճ շփումների համար։ Այդպես եղավ նաեւ այս անգամ։ Բոլորը միմյանց հետ ոտքի վրա շփվելու հնարավորություն ունեին ինչ-որ հիմնական պահերի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։