Այսօր շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել պարոն Արարատ Միրզոյանի հետ և շատ կարևոր հանդիպում ենք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, տարբեր տեսանկյուններից քննարկել ենք Թեհրանի ու Երևանի միջև համագործակցությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Իրանի և ՀՀ արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Անդրադարձել ենք կայուն խաղաղությանը եւ կայունությանը Հարավային Կովկասում և այն դերակատարությանը, որ ունի ԻԻՀ-ն որպես ակտիվ գործոն եւ կարող է ստանձնել տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավորի դեր:
Ցանկանում եմ ընդգծել, որ Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրըստօրե ավելի են զարգանում, խորանում ու բարձր մակարդակի են հասնում»,- ասաց նա։