Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող 15 102.5 քառ. մետր մակերեսով շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.618758 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով:
Գույքի գնահատված արժեքը կազմել է 4 967 800 000 ՀՀ դրամ, ներառյալ Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝4 967 800 000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով Գույքի գնահատված արժեքի մեծությունը՝ նախագծով սահմանվել է, որ մրցույթի հայտատուների կողմից գույքի համար առաջարկվող գինը կարող է վճարվել ինչպես մեկ տարվա ընթացքում՝ այնպես էլ միանվագ։
Գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրված «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև առկա է գործող վարձակալության իրավունք, ուստի նախագծով սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ մտնելուց սկսած 9-ամսյա ժամկետում Կոմիտեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կձեռնարկեն միջոցներ Գույքն օգտագործողներից ազատելու, որից հետո միայն այն կհանձնվի գնորդին։