Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

qahana.am-ում գրում են, որ ավանդությունը պատմում է, որ Սուրբ Ծնունդն ազդարարվեց նաև աստղի միջոցով։ Բեթղեհեմի երկնքում շողացող աստղը առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուս։

Քրիստոս ծնվեց հասարակ քարայրում, որ, ըստ հոգևոր հայրերի, խորհրդանիշն է մեր հոգիների՝ աղքատ առանց Փրկչի։ Սուրբ Ծնունդը հնարավորություն է՝ հարստացնելու մեր հոգին՝ թույլ տալով, որ Քրիստոս ծնվի մեր կյանքում։ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը Սուրբ Ծնունդն անվանում է փրկության արշալույս։

Մարգարեության սկիզբը. Ս. Ծնունդ

Ս. Ծնունդով կատարվեցին մարգարեությունները. ծնվեց Փրկիչը։ Օգոստոս կայսեր հրամանով մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուրը գնաց իր ծննդավայր` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ գնաց Բեթղեհեմ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, չգտնվեց գիշերելու տեղ, նրանք տեղավորվեցին մի քարայրում, ուր ծնվեց Հիսուսը: Ծննդյան վկաները հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի մասին.

«Ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը»։ (Ղուկ. 2:10-11):

Այնուհետև արևելքից եկան մոգերը կամ, ավանդության համաձայն, երեք արքաները:

Աստվածհայտնություն

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը և հայտնությունը, Աստվածհայտնությունը: Տեր Հուսիկը բացատրում է՝ Աստվածահայտնություն նշանակում է՝ Աստված մարդացավ, մարմնացավ, հայտնվեց ժողովրդին։ Ծնվեց ու երեսուն տարի անց՝ կրկին հունվարի 6-ին, մկրտվեց: Այդ ժամանակ Հայր Աստված վկայում է.

«Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ (Մատթ. 3:17)

Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածհայտնությունը:

Նոր տարին՝ բարի խոսքով ու գործով

Նոր տարին սկսվում է Սուրբ Ծնունդով, կարծում է Տեր Հուսիկն ու Սուրբ Ծնունդն անվանում մարդկության փրկության Ծնունդ: Քրիստոս մարդացավ՝ աշխարհը փրկելու համար: Հիսուս հաղթեց աշխարհին, տարածված չարությանը՝ Իր սիրով: Քահանան կարծում է՝ պիտի վերարժևորենք մեր կյանքը: Տարին սկսենք ներողամտությամբ, բարի խոսքով ու գործով և պատրաստ լինենք Սուրբ Ծննդի Պատարագին, որին ՊԵՏՔ Է մասնակցենք:

«Ամեն օր պիտի պատրաստ լինենք՝ Աստծո առաջ կանգնելու։ Երբ հին տարին անցնում է, լավ առիթ է, որ մտովի ետ դառնանք, քննենք մեր արածն ու չարածը։ Երբեմն կենտրոնանում ենք մեր գործած մեղքերի վրա ու չենք մտածում այն բարի գործերի մասին, որ չենք կատարել»։

Սուրբ Պատարագ

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը ու հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն, բուժիչ դեղ:

«Լինե՛նք կենդանի հավատի կրողը, կենդանացնե՛նք մեր հավատը: Հավատանք ու հավատարիմ մնանք մեր սկզբունքներին, արժեհամակարգին»,-նշում է Տեր Հուսիկը: Հավելում է՝ տոնին պետք է ճիշտ պատրաստվել՝ արտաքինից բացի ուշադրություն դարձնել նաև հոգևորին, պահքին.

«Դա չի նշանակում, որ չուտողը ուտողին պիտի մեղադրի և հակառակը։ Կարևոր է, որ ողորմություն անենք մեր սեղանից կարիքավորներին»։

Քահանայի խոսքով՝ Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է, լցվե՛նք հույսով ու այն չկորցնենք ոչ մի դեպքում: