Եթե այս պահին կա երթեւեկության կանոնների խախտման տուգանքի ժամկետանց վճարման խնդիր, որը Հարկադիր կատարման ծառայությունում է, քաղաքացին այդ թվի կեսը վճարում է, զրոյանում է պարտքը: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ դրան գումարվում է նաև կատարողական ծախսը:
«Այսինքն՝ 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ (կատարողական ծախս)»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
ԴԱՀԿ-ում նման մոտ 2 միլիոն կատարողական վարույթ կա՝ շուրջ 8 միլիարդ դրամի չափով. օրենքը ընդունելուց հետո պետք է երեք ամսվա մեջ կատարել վճարումները։
Նշենք, որ նույն նախագծով սահմանվում է, որ եթե անձը գրանցվում է roadpolice.am կայքում, նրա տուգանքը նվազում է 20 տոկոսով, իսկ եթե տուգանքը վճարում է 15 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը նվազում է եւս 30 տոկոսով: Այդ երկուսի արդյունքում տուգանքի չափը նվազում է մոտավորապես 57 տոկոսով: