Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին ընդարձակ հարցազրույց է տվել տեղի ԶԼՄ-ներին՝ հնչեցնելով Հայաստանի հետ «խաղաղության» իր պատկերացումները։
Հարցազրույցում կարմիր թելով անցնում է նոր տարածքային պահանջների եւ նոր պատերազմի սպառնալիքի գաղափարը։ Հակիրճ ներկայացնում ենք Ադրբեջանի նախագահի որոշ պնդումները։
Առաջին անգամ չէ, որ Ալիեւը հնչեցնում է քողարկված պահանջներ հայկական մայրաքաղաքի հանդեպ՝ Երեւանը համառորեն «Իրեւան» անվանելով։ Սահմանազատման գործընթացում 1970-90-ական թթ. խորհրդային քարտեզների օգտագործումից հրաժարվելը պատճառաբանելով՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Պատասխանը չափազանց պարզ է, եւ ես ցանկանում եմ այսօր բացահայտ խոսել այդ մասին։ Գաղտնիք չէ, որ ХХ դարում ադրբեջանական հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին։ 1918թ., Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման հաջոդ օրը, Իրեւան քաղաքը, ցավոք, հանձնվել է Հայաստանին։ Չնայած որեւէ հիմք դրա համար չկար։ Դա հնագույն ադրբեջանական քաղաք է»։ Այնուհետեւ Ալիեւը դժգոհել է Զանգեզուրը Հայաստանին «հանձնելուց»... «Նման նվերները տարածքների տեսքով շարունակվել են տարիներ։ Վերջին նման նվերը արվել է 1969թ. մայիսին։ Մինչ այդ մեր հողերը մաս-մաս հանձնվում էին Հայաստանին, եւ մոտ 100 հազար քառակուսի կիլոմետր կազմող տարածքը, նկատի ունեմ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքը, կրճատվել է՝ հասնելով 86,6 հազար քառակուսի կիլոմետրի։ () Հենց այդ պատճառով նրանք ցանկանում էին հիմք ընդունել 1970-ական թթ. քարտեզները։ Ես հարցրի, թե ինչու հենց 1970-ականների։ Ասեք, բացատրեք ինձ, ի՞նչ մեթոդաբանական, քաղաքական հիմքեր կան դրա համար։ Ոչ մի։ Եթե մենք հենվենք քաղաքական հիմքերի վրա, ապա որպես հենակետ պետք է ընդունվի կամ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման շրջանը, կամ խորհրդայնացման շրջանը»։
Ալիեւի հայտարարություններն ուղիղ նշում են այն մասին, եւ սա քանիցս ասվել է, որ ժամանակակից Ադրբեջանը Ադր. ԽՍՀ իրավահաջորդը չէ, այլ ԱԴՀ իրավահաջորդը՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներովբվ։ Այսինքն՝ անցած դարասկզբին կարճ ժամանակով գոյություն ունեցած հանրապետությունը իր կազմում «ներառել» է Հայաստանի տարածքի մեծ մասը, իսկ այժմ Ադրբեջանի նախագահը այդ «հիման» վրա պահանջում է «պատմական տարածքները», ինչպես տեսնում ենք վերոշարադրյալից, Երեւանը ներառյալ։
Կանգ չառնելով «ձեռք բերվածի» վրա՝ Ալիեւը պահանջներ է ներկայացրել Տավուշի ուղղությամբ. «Ութ գյուղերի հարցը, որոնք այսօր օկուպացիայի մեջ են մնում, մշտապես օրակարգում է։ Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումներում, այդ թվում ես այդ հարցը բարձրացրել եմ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» զրույցի ժամանակ։ Այն նաեւ սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է։ Պետք է նաեւ ասեմ, որ հանձնաժողովների հերթական հանդիպումը նախատեսված է այս ամսին, եւ այնտեղ լինելու է մեկ թեմա. այդ շրջանի սահմանազատումը՝ Ղազախ-Թովուզի շրջանի։ () Ինչպես ձեզ հայտնի է, այնտեղ կան անկլավային եւ ոչ անկլավային գյուղեր։ Ոչ անկլավային գյուղերը՝ չորս գյուղ, պետք է անվերապահորեն վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է անկլավային գյուղերին, Ադրբեջանի տարածքում է գտնվում հայկական մեկ անկլավային գյուղ (Ադրբեջանի նախագահը ակնհայտ կեղծ տեղեկատվություն է հնչեցնում- խմբ.), ապա անհրաժեշտ է ստեղծել առանձին փորձագիտական խումբ եւ քննարկել այն։ Մենք կարծում ենք, որ բոլոր անկլավները պետք է վերադարձվեն։ Այդ անկլավներ տանող ճանապարհներին պետք է ստեղծվեն պայմաններ, անկլավներում պետք է տեղավորել այն մարդկանց, որոնք ապրել են այնտեղ»։
Թե ինչ հետեւանքների կհասցնի իրադարձությունների զարգացման նման սցենարը՝ NEWS.am-ը գրել է «Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետեւանքներով Հայաստանի համար» հոդվածում։ Փաստորեն, այս դեպքում Տավուշի մարզը կհայտնվի «մաս-մաս արված» վիճակում, իսկ Ադրբեջանը կստանա Հայաստան-Վրաստան ճանապարհի վերահսկողությունը։
Ադրբեջանի նախագահը չի շրջանցել նաեւ Հայաստանի՝ 44-օրյա պատերազմից հետո օկուպացված ինքնիշխան տարածքների հարցը։ «Ասում են, որ պետք է հայելային հետքաշում լինի։ Բայց ո՞ւր հետ քաշել։ Իմ որոշ գործընկերներ դեռ 2021թ. մայիսին ինձ տալիս էին այդ հարցը։ Հիշո՞ւմ եք, այն ժամանակ սահմանին որոշակի ճշտում իրականացվեց, եւ մի հեռախոսազանգի ընթացքում ասացին. խնդրում ենք, որպեսզի դուք վերադառնաք։ Ես հարցրի՝ ո՞ւր վերադառնանք։ Պատասխանում են՝ այնտեղ, որտեղից եկել եք։ Ասում եմ՝ մենք եկել ենք Բաքվից, Բաքո՞ւ վերադառնանք։ () Ուստի, մենք, իհարկե, ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ։ Մենք ոչ մի քայլ հետ չենք շարժվի ինչպես 2021թ. մայիսի, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի մեր դիրքերից»,-ասել է Ալիեւը։
Հայկական կողմի այն պնդմանը, թե խաղաղության պայմանագրում պետք է լինի կետ սահմանազատման մասին, Ալիեւը ըստ էության համաձայն է, բայց իր պայմաններով. «Խաղաղության պայմանագիրը կարող է պարունակել այս կամ այն կետը՝ կապված սահմանազատման եւ սահմանագծման հետ։ () Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, եւ որքան շուտ, այնքան լավ։ Այսինքն՝ չենք ցանկանում ասել, որ մեր պայմաններով։ Բայց կարծում եմ, որ մեր պայմանները ամենաարդարացին են։ Իսկ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։ Գյուղերը պետք է վերադարձվեն մեզ»։
Ալիեւը նման պահանջներ հնչեցրել է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ, եւ միանգամայն անհեթեթ «հիմնավորմամբ»։ Երեւանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն անվանելով փիառ-ակցիա՝ Ալիեւը Հայաստանին մեղադրել է «նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ»։
«Նախ՝ նրանք պետք է մեզ անխոչընդոտ անցում տրամադրեն Զանգիլանի եւ Օրդուբադի միջեւ տեղամասում։ Դա նրանց պարտականությունն է։ Ես արդեն ասել եմ եւ ցանկանում եմ ասել մեկ անգամ եւս, որ բեռները, քաղաքացիները եւ ավտոտրանսպորտը պետք է ազատ անցնեն՝ չենթարկվելով որեւէ զննման կամ մաքսային վարչարության։ Ինչ վերաբերում է այլ երկրների բեռներին, օրինակ՝ Միջին Ասիայից Թուրքիա Հայաստանի տարածքով կամ անգամ Ադրբեջանից Թուրքիա ինչ-որ բեռների համար, ապա, իհարկե, բոլոր մաքսատուրքերը պետք է վճարվեն։ Այնպես որ, սա շատ արդարացի դիրքորոշում է»,- կարծում է Ալիեւը՝ դրանով իսկ նկատի ունենալով, որ «միջանցքը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանի տարածք... «Այստեղ կարեւոր է եւս մեկ հարց՝ այդ ճանապարհի անվտանգությունը։ Ես քանիցս Հայաստանի ղեկավարությանն ասել եմ, որ Հայաստանի երաշխիքները մեզ բավական չեն։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունում նշված է, որ ռուս սահմանապահները իրականանցնում են 42-43 կիլոմետրի տեղամասի պահպանությունն ու վերահսկողությունը, եւ այդ պարտականությունը պետք է կատարվի»,- պնդել է Ալիեւը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը վկայակոչում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9/10-ի ջենթլմենական համաձայնագիրը, որի ստորագրմամբ ավարտվեց Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այդ «փաստաթուղթը, որը ոչ մի ներպետական կամ միջազգային ընթացակարգ չի անցել, լիովին կորցրել է ուժը 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից եւ հայերի բռնի տեղահանումից հետո՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո։
Այսպիսով, Ալիեւի հղումներն այդ հայտարարությանն ունեն շատ ավելի քիչ հիմնավորումներ, քան նրա բոլոր վերոշարադրյալ «պատմական հիմնավորումները»։