2021թ. մայիսից սկսած՝ առնվազն 33 քրիստոնեական եկեղեցի է այրվել Կանադայի տարբեր շրջաններում, այդ ժամանակ երկրում հատուկ դպրոցների տարածքում հայտնաբերվել էին բնիկների երեխաների թաղման մի քանի զանգվածային վայրեր։ Այս մասին տեղեկացրել է CBC հեռուստաալիքը, որը սեփական հետաքննություն է իրականացրել։
Միայն երկու անգամ հրդեհները պայմանավորված են եղել դժբախտ դեպքերով։ Մասնագետներն արդեն ապացուցել են 24 հրդեհում, մնացած դեպքերը դեռ հետաքնվում են, բայց, նախնական տեղեկություններով, այդ հրդեհները եւս միտումնավոր են եղել։ Կանադայում վերջին անգամ քրիստոնեական եկեղեցի է հրդեհվել 2023թ. դեկտեմբերին։
Հեռուստաալիքը փորձագետների հարցում է իրականացրել, որոնք կարծում են, որ հրդեհները կարող են կապված լինել Կանադայի բնիկների երեխաների նախկին դպրոցների տարածքում զանգվածային գերեզմանոցների հայտնաբերման հետ, քանի որ այդ ուսումնական հաստատությունները կառավարվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից։
2021թ. մայիսին Կանադայում հնդկացիների երեխաների երեք նախկին դպրոցների տարածքում հայտնաբերվել են անչափահասների 1 148 անանուն գերեզմաններ։ Այդ լուրերն այն ժամանակ ցնցել էին կանադական հասարակությանը, որը պահանջել էր պեղումներ կատարել բնիկների երեխաների բոլոր նախկին ուսումնական հաստատությունների տարածքում։ Դրանցից վերջինը փակվել էր 1996թ.։ Այդ աշխատանքներն այժմ շարունակվում են։ Կոչեր են արվել նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, որոնցում պահանջվել է հրապարակել փաստաթղթեր, որոնք թույլ կտան նման գերեզմանոցներ եւ այդ դպրոցների մասին այլ փաստաթղթեր գտնել։ Դրանից հետո Կանադայում սկսվել են եկեղեցիների հրդեհումները, տասնյակ եկեղեցիներ ենթարկվել են վանդալների անարգանքին։