ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պաշտպանում է այն օրենքը, որը թույլ է տալիս բռնագանձել մոտ 300 մլրդ դոլար ռուսական սառեցված ակտիվները, տեղեկացրել է Bloomberg-ը։
Գործակալությունը ծանոթացել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեին ուղղված նոյեմբերյան փաստաթղթին, որի համաձայն՝ Սպիտակ տունը ողջունում է օրինագիծը, որը թույլ է տալիս բռնագանձել ռուսական ակտիվները։
«Օրինագիծը գործադիր իշխանությանը լիազորություններ կտա, որոնք անհրաժեշտ են ռուսական սուվերեն ակտիվների բռնագանձման համար՝ ի շահ Ուկրաինայի»,- նշվել է ԱԱԽ հաղորդման մեջ։
Նշվել է, որ այդ ակտիվները կտրամադրվեն Ուկրաինայի «վերականգնմանը»։
Սպիտակ տունը ցանկանում է նաեւ այս քայլը համաձայնեցնել G7-ի գծով դաշնակիցների հետ, որտեղ պահվում են մոտ 200 մլրդ դոլար ռուսական սառեցված ակտիվներ, գրել է Bloomberg-ը։
Գործակալությունը նշել է, որ Բայդենի աջակցությունն այս քայլին սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինայի ֆինանսավորումը ավելի քան 60 մլրդ դոլարի չափով։