Մարդիկ քաղցած են, փողոցներում դիակներ են. այսպիսի ահավոր պատկեր է Գազայի հյուսիսում, նշել է ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյան, որը պատասխանատու է անկլավում օգնության ցուցաբերման գործողության համար, տեղեկացրել է CNN-ը։
«Տեսարանն ահավոր է, դիակներն ընկած են փողոցներում։ Մարդիկ քաղցած են եւ կանգնեցնում են բեռնատարները՝ ապրելու համար ինչ-որ բան գտնելու նպատակով»,- ուրբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին ասել է գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերի գծով տեղակալ եւ արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը։
Նրա խոսքով՝ քաղցը խորանում է օրեցօր, սննդամթերքներն ու ջուրը գրեթե սպառվել են, իսկ առողջապահության համակարգը «կոլապսի վիճակում է»։
Օգնությունը դանդաղ է հասնում Գազա՝ երկու սահմանակետ անցնելով հարավում։
Հինգշաբթի ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտնել էր, որ Իսրայելը չի թողնում, որ կարեւոր բեռները հասնեն Գազայի հյուսիս։
Գրիֆիթսը հայտնել է, որ իր թիմի ջանքերը օգնություն հասցնելու ճանապարհին «բախվում են դժվարությունների, չկա հարգանք հումանիտար համակարգի հանդեպ»։
Մենք չենք կարողանում հասնել նաեւ Խան Յունիս, ասել է Գրիֆիթսը։ ՄԱԿ ներկայացուցիչը քննադատել է Իսրայելի քաղաքականությունը, որը հրամայում է մարդկանց հեռանալ իրենց տներից ռազմական գործողությունների սաստկացման պայմաններում։
«Տարհանման հրամանները չեն դադարում։ Մարդիկ ստիպված են հեռանալ ավելի փոքր տարածքներ, որպեսզի էլ ավելի մեծ բռնության ու զրկանքների հանդիպեն»,- նշել է նա։
ՄԱԿ օգնության ցուցաբերման եւ աշխատանքների կազմակերպման գործակալության տվյալներով՝ հակամարտության սկզբից մոտ 1,9 մլն մարդ (Գազայի բնակչության 85 տոկոսը) ստիպված է եղել հեռանալ իր տնից, նրանցից ոմանք՝ բազմակի։
Բայց Գրիֆիթսը ՄԱԿ ԱԽ անդամներին հիշեցրել է նաեւ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին։ «Չնայած Գազան այդ ճգնաժամի էպիկենտրոնն է, եկեք չմոռանանք 1 200 սպանվածների, հազարավոր վիրավորների եւ հարյուրավոր առեւանգվածների մասին ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի դաժան հարձակման հետեւանքով, ինչպես նաեւ ահավոր սեքսուալ բռնության դեպքերի մասին»,- ասել է նա։