Ճապոնիայի, ԱՄՆ եւ Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչները հեռախոսով քննարկել են Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումը եւ Մոսկվայի եւ Փհենյանի հարաբերությունները, տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Նշվել է, որ նրանք քննարկել են Փհենյանի հրթիռային արձակումը, որն իրականացվել է հունվարի 14-ին, այդ քայլն անվանելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում։ «Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել Հյուսիսային Կորեայի շուրջ տիրող ընթացիկ իրավիճակի, այդ թվում ռուս-հյուսիսկորեական հարաբերությունների մասին»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել է, որ հունվարի 14-ին հաջողությամբ իրականացվել է միջին հեռահարության գերձայնային կառավարվող մարտագլխիկով բալիստիկ հրթիռի արձակում։ Փորձարկումները ազդեցություն չեն գործել հարեւան երկրների անվտանգության վրա եւ «ոչ մի կապ չեն ունեցել տարածաշրջանի իրավիճակի հետ», նշել է գործակալությունը։