Ռուսաստանն ու ռուսներն էլ ավելի մեծ քաղաքական մեկուսացման մեջ են, այդ թվում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այսօր՝ հունվարի 16-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը զգուշավոր է ուկրաինական պատերազմի զարգացման վերաբերյալ կանխատեսումներում և նույնիսկ ավելի զգույշ է կանխատեսումներում, թե «ինչ կլինի Ռուսաստանի ներսում»։
«Մենք Պրիգոժինին տեսանք անցյալ տարի, կարող են անակնկալներ լինել։ Բայց մենք որևէ նշան չունենք, որ Ռուսաստանի ներսում մեծ փոփոխություններ կլինեն, բայց, իհարկե, դրանք կարող են անսպասելի լինել»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ պետք է հնարավոր ամեն ինչ անել «Ռուսաստանի համար գինը բարձրացնելու համար»։
«Եվ իհարկե, երբ նրանք կորցրին 300.000 զինվոր, կորուստներ, հազարավոր տեխնիկա, հարյուրավոր ինքնաթիռներ: Ահա թե ինչն է կարևոր Ռուսաստանի և հասարակ ռուսների համար։ Նրանց տնտեսությունը դժվարություններ է ապրում։ Նրանք բարձր տնտեսական գին են վճարում։ Նրանք բարձր քաղաքական գին են վճարում։ Նրանք ավելի մեծ քաղաքական մեկուսացման մեջ են, այդ թվում՝ մերձավոր արտասահմանում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Ուստի, մենք չենք կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչ կլինի։ Բայց այն, ինչ մենք կարող ենք անել, այն է, որ առավելագույնի հասցնենք հավանականությունը, որ ինչ-որ փուլում նախագահ (ռուս Վլադիմիր – խմբ.) Պուտինը կհասկանա, որ այս պատերազմի շարունակությունը չափազանց թանկ կարժենա իր վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ըստ Յենս Ստոլտենբերգի՝ հենց այս դեպքում է, որ «ինչ-որ փուլում» Ռուսաստանի նախագահը «պետք է նստի և պայմանավորվի ինչ-որ արդար, տեւական խաղաղության շուրջ, որում Ուկրաինան գոյություն կունենա որպես ինքնիշխան անկախ պետություն»։