ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ չէ կանխատեսումներ անել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իրանի և Պակիստանի միջև լարվածության լույսի ներքո։

«Ինչպես տեսնում եք, Իրանին այնքան էլ չեն սիրում տարածաշրջանում։ Ինչպե՞ս կզարգանա սա հետագայում: Մենք աշխատում ենք հետազոտել իրավիճակը, ես չգիտեմ՝ ինչպես այն կշարունակվի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի և Պակիստանի միջև փոխադարձ հարվածները։ Նա լրագրողների հետ զրուցել է Սպիտակ տան հարավային մասում՝ Հյուսիսային Կարոլինա նահանգ թռչելուց առաջ:


«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում լարվածության աճով», - ավելի ուշ հերթական ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Էսկալացիայի կարիք չկա, և մենք բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում», - հավելել է նա։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է հստակ պատասխան տալ այն հարցին, թե այս դեպքում որ կողմին է աջակցում ԱՄՆ-ն։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իրանը վաղուց «ֆինանսավորում է ահաբեկչությունը, անկայունությունը և տարաձայնություններ սերմանում Մերձավոր Արևելքում»։ Միլլերը հիշեցրել է, որ Պակիստանը ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից է, սակայն վստահեցրել է, որ Վաշինգտոնը «էսկալացիայի անհրաժեշտություն» չի տեսնում։