«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերջին օրերին տարբեր գրառումներ է կատարում ու այն վերնագրում՝ «Մի լավ բան»։ Մասնավորապես, երեկ գրել էր. «Մի լավ բան #4։
Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաեւ Երեւանից դուրս: Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ»:
Զարմանալի է, որ ԲԴԽ նախագահը Երեւանից դուրս մարզերի աշխուժությունից է խոսում, բայց անձամբ մարզերի դատարանների դռներն է փակում ու աշխուժությանը հակառակ գործելաոճ դրսեւորում։ Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, թե ինչպես են մարզերում դատարանների դռները փակվում, ինչի հետեւանքով իրենք հարյուրավոր կիլոմետրեր են իրենց բնակավայրից կտրում անցնում դատարան հասնելու համար։
Դատական դեպարտամենտը պաշտոնապես հայտնում է, որ Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի փակման վերաբերյալ (Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի եւ Մեղրիի)։
Նշված նստավայրերից Աշոցքում եւ Մեղրիում տեւական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ եւ պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։
Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ։
Հարց՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ դատական համակարգի աշխատողները պարապուրդի են մատնված եղել, բայց աշխատավարձ են ստացել, դատավոր չի եղել Աշոցքում ու Մեղրիում. իհարկե, դատական համակարգի պատասխանատուները՝ ի դեմս ԲԴԽ նախագահի։ Իսկ հիմա ստացվում է՝ պետությունը խնայում է, իսկ քաղաքացին՝ տուժում։
Ավելին՝ փակված դատարանների աշխատակիցներն ու դատավորները հակառակն են պնդում. աշխատել են մյուս դատարանների նման ու հավասար գործեր են քննել։ Մեր հետաքննությունը շարունակվում է, եւ առաջիկայում կանդրադառնանք փակված դատարանների իրական պատճառներին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում