«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունները դատական համակարգում փնտրտուքները շարունակում են. ՍԴ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց ցանկալի թեկնածուին են փնտրում, սակայն դատելով իրավիճակից՝ ոչ բոլոր դատավորներն են ցանկանում գնալ ՍԴ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:
Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, եւ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատավորների ժողովը կայանալու է փետրվարի 2-ին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: