Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորված զինվորականների թիվը հասել է 34-ի, երեք զինծառայող է զոհվել, հայտնում է Reuters-ը։
Առնվազն 34 զինվորականներ հետազոտվել են ուղեղի հնարավոր տրավմատիկ վնասվածքի համար, Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով: Երկու տարբեր պաշտոնական աղբյուրներ հայտնել են, որ վիրավոր ամերիկացի զինվորականներից մի քանիսը տարհանվել են բազայից՝ հետագա բուժման համար:
ԱՄՆ-ի երկու պաշտոնյաներ ասել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է զորանոցի մոտ վաղ առավոտյան, ինչը կարող է բացատրել զոհերի մեծ թիվը:
Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» շարժումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Հորդանանում ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայողների մահվան մասին։ Նա, սակայն, չի նշել վիրավորների թիվը։
«Մենք կձգտենք արժանի լինել նրանց պատվին ու քաջությանը։ Մենք կկատարենք ահաբեկչության դեմ պայքարի նրանց պարտավորությունները։ Եվ վստահ եղեք, մենք բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկենք մեր ընտրած ժամանակին և կարգով»,- ասել է ԱՄՆ նախագահը։