Եվրոպայում բանակցություններում ադրբեջանցիները նախնական համաձայնություն են տվել, բայց հետո խաբեցին Եվրոպային: Այս մասին նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Իրենք ասացին՝ այո, խաղաղության պայմնագիրը կգանք, կկնքենք, էնքան խաբեցին, մինչեւ Արցախըւ հայաթափեցին, էթնիկ զտում իրականացրեցին, նոր Եվրոպան հասկացավ, որ խաբել են իրենց: Իրենք ունեն հզոր դաշնակիցներ՝ Ռուսաստանը եռւ Թուրքիան, որոնց հետ սերտ համագործակցության մեջ են: Մենք ի զորու չենք կռվել Թուրքիայի դեմ, եւ իրենք թելադրում են ամեն ինչ: Այնպես չէ, որ իրենց ամեն թելադրածը մենք պետք է ընդունենք ու վազելով կատարենք: Վերջապես, մենք էլ ենք իրենց թելադրում, առաջարկություններ անում: Իրենց մոտ հիմա ընտրություններ են, ընտրություններից հետո նոր կանդրադառնան այդ խնդիրներին: Դրա համար մենք պետք է վարենք ճկուն քաղաքականություն»,-ասաց նա:
Հարցին, ինչո՞ւ ենք մենք այս անգամ էլ տվել ականապատ դաշտերի քարտեզները՝ դիմացը ոչինչ չստանալով, նա պատասխանեց. «Դրա համար հասկացանք, որ պետք չի տալ, պետք է ինչ-որ բանի դիմաց ինչ-որ բան տանք: Սա քաղաքական առեւտուր է: Մենք պետք է առեւտրի պայմանները ընդունենք եւ նորմալ առեւտուր անենք, ոչ թե 5-ը մեկի դիմաց, այլ մեկը մեկի դիմաց: Հավասարազոր բաներ պետք է փոխանակենք, որ հասկանանք, որ մեր առեւտուրը հաջող անցավ»:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, թե Ադրբեջանը համաձայն է ռուսական հարթակում խաղաղության պայմանագիր կնքել, իսկ Հայաստանը դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Լավրովի հայտարարությունը ես չեմ ընկալում, որ դա Ռուսաստանի ԱԳ նախարարն է խոսում, ինձ թվում է, որ դա Ադրբեջանի ԱԳ նախարարն է խոսում՝ պահելով Ադրբեջանի բոլոր կողմերը: Ինքը էլի մեզ քաշում է դեպի Ռուսաստան, էլի թակարդներ է լարել մեր դեմ: Նորից թակարդի մեջ են գցելու: Ասում է՝ Ադրբեջանը համաձայն է, ինչո՞ւ դուք համաձայն չեք:
Ադրբեջանը համաձայն է, որովհետեւ իրենք Ադրբեջանի հետ արդեն պլանավորել են, որ Հայաստանը պետք է չլինի անկախ պետությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի ռուսների հսկողության տակ, ինչպես Լաչինի միջանցքն էր, որը գոյություն չունի, ինչպես Արցախն էր, որ Ռուսաստանի խաղաղապահների ենթակայության տակ էր ու հիմա գոյություն չունի: Հենց մենք համաձայնենք Լավրովի ասածների հետ, այդ օրվանից պետք է Զանգեզուրից ձեռք քաշենք:
Իրենք ինչպես պահեցին Լաչինի միջանցքը, այնպես էլ պահելու են «Զանգեզուրի միջանցքը»: Չպետք է կասկածենք դրանում»:
ՔՊ-ական պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը որպես անկախ ինքը պետք է պաշտպանի իր սահմանները. «Մենք ենք պատասխանատու այդ ճանապարհի համար: Լաչինի համար ո՞վ էր պատասխանատու, Ռուսաստա՞նը: Մենք տեսանք իրենց պատասխանատվությունը: Իրենք բերում ադրբեջանական դրոշ էին կանգնեցնում հայկական հողերի վրա»: