Նախօրեին մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումից մահացած Խաչատուր Կորյունի Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Տիգրան Հակոբյանին, ում կրակոցից և մահացել է Խաչատուր Խաչատրյանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանք է առաջադրվել նաև ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»: Իսկ սերժանտ Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»:

Արթուր Զոհրաբյանի և Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հսկողությանը հանձնելը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03:10-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: