ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգամանալից հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պետությունների ղեկավարներն ամփոփել են վերջին ժամանակահատվածում ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման արդյունքները։ Եվս մեկ անգամ արձանագրվել է, որ երկրների միջև բարիդրացիական կապերը գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Գոհունակությամբ ընդգծվել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների ղեկավարների կողմից նախանշված ժամկետից 1 տարի շուտ հասել է ռեկորդային մակարդակի՝ 227,7 մլրդ դոլարի:


Այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել բոլոր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցում՝ ներառյալ էներգետիկան, ֆինանսները, ենթակառուցվածքները և տրանսպորտը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, հումանիտար և ստորտային փոխանակությունը:

Երկկորղմանի պատրաստակամություն է հայտնվել խորացնել արտաքին քաղաքական համագործակցությունը տարբեր բազմակողմ կառույցներում, մասնավորապես, ՄԱԿ-ում, ԲՐԻՔՍ-ում, Շանհայյան համագործակցության կազմակերպությունում։ Սի Ցզինպինը աջակցություն է հայտնել ԲՐԻՔՍ-ի միավորումում ռուսական ներկայացուցչության առաջնահերթություններին։

Տեղի է ունեցել առարկայական մտքերի փոխանակում աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, որտեղ Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները՝ ի նպաստ պաղեստինյան հիմնախնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորման, լիովին համընկնում են: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկելիս Ռուսաստանի նախագահը հաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Թայվանի հարցում, այն է` աջակցել «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։

Պուտինը և Սի Ցզինպինը հատկապես ընդգծել են, որ ռուս-չինական սերտ փոխգործակցությունը նաև կարևոր կայունացնող գործոն է հանդիսանում համաշխարհային հարաբերությունների համար: