ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըւ հեռախոսով շնորհավորել է Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահ վերընտրվելու առիթով։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի առիթով եւ ցանկացել նրան նորանոր հաջողություններ այդքան բարձր պետական պաշտոնում»,- նշվել է հաղորդագրությունում։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են «շարունակել անձնական շփումները», ինչպես նաեւ հաստատել են «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման շահագրգռվածությունը», նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։
Պուտինը Ալիեւին նաեւ շնորհավորական հեռագիր է ուղարկել։ «Քվեարկության արդյունքները լիովին հաստատում են ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, համաժողովրդական աջակցությունը Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արագացված զարգացման եւ համաշխարհային ասպարեզում նրա դիրքերի ամրապնդման ձեր ուղեգծին»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սահմանափակվել է գրավոր շնորհավորանքով X սոցցանցում։ «Շնորհավորում եմ Իլհամ Ալիեւին նոր ժամկետով Ադրբեջանի նախագահ ընտրվելու առիթով։ Ցանկանում եմ հետագա հաջող եւ արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն ադրբեջանցի ժողովրդի։ Գնահատում եմ մեր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցությունը»,- գրել է Զելենսկին սոցցանցում։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիեւին հումանիտար եւ այլ օգնության համար, որն Ադրբեջանը ցուցաբերում է Ուկրաինային։
«Գնահատում եմ անձնական կառուցողական եւ վստահալից հարաբերությունները նախագահ Ալիեւի հետ, պայմանավորվածությունների կատարումը եւ բեղուն փոխգործակցությունը մեր թիմերի միջեւ։ Համոզված եմ, որ ռազմավարական հարաբերություններն Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ միայն կամրապնդվեն»,- նշել է Զելենսկին։