ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը չպետք է կազմակերպության փլուզման սկիզբը դնեն։
Նա նշել է, որ դրական է վերաբերվում եվրոպական երկրների պաշտպանական ծախսերի ավելացմանը։ Ավելին, Սթոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ ղեկավարությունը երկար տարիներ դաշնակիցներին նման քայլի դիմելու կոչ է արել։
«Բայց դա չի կարող լինել այլընտրանք ՆԱՏՕ-ին, մենք, ընդհակառակը, պետք է ամրացնենք ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե դիտարկենք տարբերակներ, որոնք կարող են բաժանել Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով Եվրոպայի ռազմավարական ինքնավարության հնարավոր ամրապնդման մասին հարցին Թրամփի խոսքերից հետո։
Դաշինքի ղեկավարը նաեւ ուշադրություն է հրավիրել Եվրոպայում առկա միջուկային զսպման համակարգի վրա, որը հիմնված է ԱՄՆ-ի հետ տարածաշրջանի պետությունների սերտ համագործակցության վրա։ Սթոլտենբերգն ընդգծել է, որ դաշնակիցները չպետք է ընդունեն որոշումներ, որոնք կարող են խափանել այդ համակարգը։ Իրադարձությունների համապատասխան զարգացումը կստեղծի միայն անկանխատեսելի իրավիճակ եւ թյուրըմբռնում, ամփոփել է նա։