Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 4-րդն է թիմային հաշվարկում:
Փետրվարի 16-18-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճեց 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:
Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին եւ կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանը 7:5 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Շտեխելեին: Սփոփիչ գոտեմարտում նա 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։