Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում անցած գիշեր նորից ցնծություն էր, չեմպիոնական տրամարդություն: Մեծ թվով երկրպագուներ դիմավորում էին Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած ծանրամարտի Հայաստանի թիմին:
Փետրվարի 22-ին կեսգիշերն անց 03:55-ին Սոֆիա – Ֆրանկֆուրտ - Երեւան չվերթով հայրենիք վերադարձան Եվրոպայի չեմպիոններ Վարազդատ Լալայանը, Հակոբ Մկրտչյանը, Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը եւ մյուս 6 մեդալակիրները՝ մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի, Արտաշես Ներսիսյանի ուղեկցությամբ:
Եվրոպայի առաջնությունում մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրած Հայաստանի թիմին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն, Բահրեյնի հավաքականի կազմում Ասիայի չեմպիոն Գոռ Մինասյանը, ծանրամարտի կանանց հավաքականի անդամները, ծանրորդների ծնողները, հարազատները, ընկերները եւ մեծ թվով երկրպագուներ: Ամենակրտսեր դիմավորողները Հակոբ Մկրտչյանի դուստրերն էին, Հռիփսիմե Խուրշուդյանի որդիները: Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակրի ավագ որդին՝ Աշոտը, չեմպիոն մայրիկին սպասում էր Հայաստանի եռագույնն ուսերին: Հակոբ Մկրտչյանի փոքրիկները քունը հաղթահարելով շրջում էին սպասասրահում եւ անհամբեր սպասում չեմպիոն հայրիկի դուրս գալուն:
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանի ծնողներն ու հարազատները Եվրոպայի նորընծա չեմպիոնին սպասում էին մեծ ծաղկեփնջերով:
Չնայած ծանրորդների օդանավը վայրէջք ժամանակին էր կատարել, բայց չեմպիոններն ու մեդալակիրները ժամանման սրահում հավաքվածներին երկար սպասեցրին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը անհանգստացավ, ապա հեռախոսազանգով խորհուրդ տվեց շուտ դուրս գալ: «Այսքան մարդ ձեզ է սպասում, արագացրեք»,- նկատեց նա:
Մեկ ժամից ավելի սպասելուց հետո սպասասրահի հոծ բազմությունը չեմպիոններին ու մեդալակիրներին դիմավորեց ծափերով, զուռնա-դհոլով, պաստառներով ու ծաղկեփնջերով:
Փետրվարի 12-20-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 17 ծանրորդով մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է:
Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 26 մեծ եւ փոքր մեդալ: