Որոշումը, թե ում հետ և ինչ մակարդակով է համագործակցել, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, և դա բխում է Հայաստանի և նրա ժողովրդի շահերից։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա հայ-ֆրանսիական համագործակցությունը Հայաստանի անունից է և ուղղված չէ որևէ մեկի դեմ։ մեր իրավունքն է համագործակցել թե՛ Ֆրանսիայի, թե՛ Իրանի հետ։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը մյուս գործընկերների հետ։ Կարծում եմ, որ Ռուսաստանը նույնը պետք է անի։ Հայաստանը տաբու չունի Հայաստանի շահերից բխող համագործակցության վրա։ Այս համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ»,- հավելեց նա։
Պապիկյանը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստանը խնդիր է դրել դիվերսիֆիկացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։
«Այն ժամանակ Հայաստանի ինքնիշխան տարածքը ագրեսիայի ենթարկվեց, օկուպացվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Երբ մենք խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է խոսենք երկու կողմերի պարտավորությունների մասին»,- պարզաբանեց նա:
«Այս իրադարձություններից հետո մենք որոշեցինք դիվերսիֆիկացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մեր պատրաստակամությանն առաջինն արձագանքեց բարեկամ Հնդկաստանը, իսկ եվրոպացի գործընկերներից առաջինը բարեկամ Ֆրանսիան։
Ֆրանսիայի արձագանքը և այս երկրի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, և մենք դա շատ ենք գնահատում։ Այս մեկուկես տարվա ընթացքում պաշտպանության ոլորտում առաջին համագործակցությունը թույլ է տալիս ասել, որ մեր համագործակցությունը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով պլանավորել»,- եզրափակեց նախարարը։
Արամ Դանիելյան