Հայտնի է դարձել, թե աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի համար հայտարարված բաց մրցույթում որ տարբերակն է արժանացել մասնագիտական ժյուրիի հավանությանը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ է անցել մնացած տարբերակներից․ երկրորդ տեղը զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:
«Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր: Նա մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի: Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ևս եղել է մրցութային հանձնաժողովի կազմում:
Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել մրցույթին մասնակցած բոլորին հեղինակներին։
«Ես տեսնում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր հոգին ու սիրտն է դրել նախագծերում: Հիմնական դետալները, որ մենք կարևորել ենք, այն էր, որ հուշարձանը տեսանելի լինի բոլոր կողմերից: Այս քանդակի հիմքում դրված է նաև մի առանձնահատուկ գաղափար, որ հայրս միայնակ չէ, այլ շրջապատված է իրեն ծափահարող հանդիսատեսով»,- նշել է Ազնավուրի որդին:
Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախագիծն այս իր յուրահատուկ նշանակությունն ունի: Քանդակը ոչ միայն կամբողջացնի հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի կփոխանցի Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: