Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի և Լենինգրադի վերստեղծված ռազմական շրջաններում լրացուցիչ սպառազինություն կտեղակայվի՝ ի պատասխան Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Коммерсант-ը։

Լավրովը քննադատել է երկու երկրների որոշումները՝ ասելով, որ դրանց պատճառով «բարիդրացիության երկար տասնամյակները ապարդյուն են անցել»։


Ինչպես ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, «զարմանալի էր տեսնել, թե որքան արագ են նրանք փոխել իրենց չեզոքությունը, որը տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայել է նրանց և ապահովել նրանց հեղինակությունը»։

«Մենք արդեն կազմակերպչական որոշումներ ենք կայացրել, ստեղծվել են Մոսկվայի ռազմական օկրուգը և Լենինգրադի ռազմական օկրուգը։ Այնտեղ կտեղակայվեն լրացուցիչ զինատեսակներ, որոնք համարժեք կլինեն այն մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ Ֆինլանդիայի և Շվեդիայի տարածքում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ Ֆինլանդիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, և Շվեդիայի անդամակցությունն արդեն հաստատվել է վերջին երկրի կողմից՝ Հունգարիայի, որը նախկինում դեմ էր դրա՝ դաշինք մտնելուն: