ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտնել է, որ ԱՄՆ-ն օդից պարենային օգնություն կհասցնի Գազայի հատվածին։ Նա նշել է, որ տարածաշրջան հասցվող հումանիտար օգնությունն անբավարար է, տեղեկացրել է NBC News-ը։
«Օգնությունն անբավարար է... Մարդկանց կյանքեր են վտանգված»,- ասել է Բայդենը՝ հայտարարելով, որ Օվալաձեւ կաբինետում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպման ժամանակ որոշվել է օդից մատակարարումներ կատարելու մասին։
«Մենք պետք է հարյուրավոր բեռնատարներ ուղարկենք, ոչ թե մի քանի,- շարունակել է նա։- Մենք պատրաստվում ենք անել հնարավոր ամեն ինչ»։
Բայդենը կրկին հայտնել է, որ ԱՄՆ-ն կփորձի հասնել անհապաղ հրադադարի, որպեսզի Գազա, որտեղ, նրա խոսքով, զոհվում են «անմեղ մարդիկ», ավելի շատ օգնություն հասնի։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե երբ է տեղի ունենալու առաջին առաքումը։ Նա ասել է. «Վստահ չեմ։ Կարծում եմ՝ շատ շուտ»։ Դրանից հետո Բայդենն անդրադարձել է հրադադարի մասին հնարավոր համաձայնագրին թեմային՝ ասելով, որ «դեռ հուսով է, որ այն ձեռք կբերվի»։
«Սա վերջը չէ, դեռ չի ավարտվի»,- ասել է նա։
Հինգշաբթի Բայդենը հրաժարվել է իր նախորդ հայտարարություններից այն մասին, որ հուսով է, որ հրադադարի համաձայնությունը կարող է ձեռք բերվել երկուշաբթի։