Aravot.am-ը գրել է․ 

Aravot.am-ի հարցերին պատասխանում է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, թումանյանագետ Անի Եղիազարյանը

-Խնդրում եմ ներկայացրեք «Կյանքս արի հրապարակ… Թումանյանը» նոր նախագիծը, որի շնորհանդեսը կայացավ օրերս, ո՞րն է առանձնահատկությունը, նպատակը:

– Նախագիծը, որի համար խորագիր ենք ընտրել Հովհ. Թումանյանի հայտնի քառյակներից մեկի խորիմաստ բանաձևումը, առայժմ կմեկնարկի հեղինակային հաղորդաշարի ձևաչափով:

«Ելակետ» տեղեկատվական ընկերության հետ համագործակցությամբ մեկնարկող նախագծի առանցքային նպատակներից է մերօրյա խնդիրների լուծման համար ելակետ ունենալ անցյալի նույնանման իրադարձությունները՝ որպես կենտրոնական կերպար ունենալով հայ ժողովրդի և մարդկության մեծ մտածող Հովհաննես Թումանյանին:

Մարդն իր ապրած ժամանակի արտացոլանքն է: Ոմանք այն գիտակցում են և արձանագրում, ոմանք ապրում՝ որպես իրենց տրված հնարավորություն: Գրողները, նկարիչերը, քանդակագործները, մի խոսքով՝ արվեստի մարդիկ, թերևս այն կարևորագույն շերտն են, որոնք արձանագրում են իրենց ժամանակը: Անշուշտ, նրանց ձևավորման համար մեծ դեր ունի հենց այն միջավայրն ու ժամանակը, որտեղ ապրում եւ արարում են նրանք՝ դառնալով ամուր կամուրջ անցյալի և ապագայի միջև:

Ինչպես է միջավայրը ձևավորում մեծ մտածողին՝ գրողին, նկարչին, երաժիշտին.., ինչ հետագիծ է թողնում կամ դեպի ուր է մղում նրան: Ինչպես կարող են անցյալի հարաբերությունները օրինակ ծառայել ներկայում ապրող մարդուն՝ կառուցելու իր անձնական, հանրային, ազգային կյանքը: Սրանք այն առանցքային թեմաներն են, որոնք քննարկվելու են հաղորդաշարի շրջանակում՝ հիմքում ունենալով Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհ. Թումանյանի և նրա ժամանակակիցների նամակագրությունը, որտեղ արծարծվել են բազում խնդիրներ՝ գրական-մշակութային, ազգային, պատմական, հասարակական, տնտեսական և այլն:

Ազգային հենքի վրա գործող Մեդիա ասոցիացիան մեկնարկել է բազում այլ նոր նախագծեր, որոնց մասին առիթ ունեցանք հանրությանը ներկայացնելու ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 155-ամյակի օրը:

-Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը շատ տպավորված էր թանգարանում՝ Ձեր աշխատանքից: Խոսե՞լ եք իր հետ Ձեր նոր նախագծի մասին:

– Թումանյանի թանգարանում իմ աշխատանքային ողջ տարիների ընթացքում միշտ մի կարևոր գիտակցում է եղել. գործել միայն խորին պատասխանատվությամբ: Թումանյան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ շփումներն ինձ համար չափազանց կարևոր են եղել եւ շարունակում են լինել: Մեր մշտական հաղորդակցումը առիթ է ամենատարբեր հարցեր միմյանց հետ քննարկելու, այդ թվում՝ իմ առաջիկա անելիքների մասին:

– Դուք թումանյանագետ եք, կա՞ն Թումանյանի վերաբերյալ լայն հանրությանը անհայտ էջեր, որոնք հնարավոր է առաջիկայում «գաղտնազերծեք»:

– Թումանյանի աշխարհը մեծ է, անսահման մեծ: Մեկ դար եւ ավելի է, ինչ այդ աշխարհը հետազոտման, ուսումնասիրման և բացահայտման ընթացքի մեջ է՝ ամեն սերունդ իր գիտցածի, կարեցածի և ընկալածի սահմաններում: Եվ պատկերացրեք, որ որքան խորանում, այնքան նոր հորիզոններ են բացվում՝ դեռ անծանոթ, դեռ անհայտ, դեռ անհաս: Կարևորը մակերեսը չէ, կարևորը խորքն է, ասածի ու ապրածի ենթատեքստը: Հենց այս ենթատեքստերի մեկնությամբ էլ գուցե կհասնենք Նրա կյանքի շատ էջերի ընկալման:

– Հետաքրքիր է Թումանյանի թանգարանի նորանշանակ տնօրենը փորձե՞լ է այս ընթացքում Ձեզ հետ կապվել, թանգարանի հետ կապված ինչ-որ խորհուրդներ հայցել:

 

– Վարչական աշխատանքը եղել է թանգարանում իմ գործունեության մի մասը միայն: Տարիներ շարունակ ես համակարգել եմ թանգարանի գիտական, հրատարակչական գործունեությունը, որի առանցքային նպատակը Հովհ. Թումանյանի թանգարանը ինստիտուտի, լայն հետազոտական կենտրոնի հասցնելն էր: Թանգարանը բազում գիտական եւ հանրամատչելի գրքեր է հրատարակել: Յուրաքանչյուր տարի իրականացվում էր մեկ կամ երկու տեղական և միջազգային գիտաժողով՝ համագործակցությամբ տարբեր գիտական կենտրոնների հետ, տպագրվում էր գիտական երկու հանդես՝ «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգիրքը, «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսը՝ բ.գ. դոկ. Ալվարդ Ջիվանյանի ղեկավարությամբ: Թանգարանի գիտակ և նվիրյալ աշխատակիցների հետ միասին մենք այդ ճանապարհը հասցրել ենք մինչ միջազգային հարթակներ: Արդեն երկու տարի է՝ Թումանյանի թանգարանը Եվրոպական հեքիաթագիտական կենտրոնի անդամ է, որը գործում է Իտալիայում Եվրոպական Միության հովանու ներքո:

Թանգարանում գործունեություն սկսած ամեն նոր մարդու համար էլ այս բազում անցուդարձին ծանոթանալը, դրանց հետևողական շարունակականության ապահովումը հեշտ չէ: Փոխադարձ կապը հաստատված է: Գիտակցումը մեծ է, քանի որ գործ ունենք Հովհ. Թումանյանի թանգարան գիտական-մշակութային լրջագույն կառույցի հետ: Պետք է անխաթար պահել արդեն ավելի քան 70 տարի դիմագիծ կերտած կառույցի շարունակական զարգացման ընթացքը:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ