Մեր Արեգակնային համակարգից մոտ 70 լուսային տարի հեռավորության վրա գտնվում է մի մոլորակ, որը կարող է ամբողջությամբ ծածկված լինել ջրով: Քեմբրիջի համալսարանի աստղագետները կարծում են, որ մոլորակի ծովերը կարող են նույնքան տաք լինել, որքան եռացող ջրով կաթսան:

Աստղագետները հայտնաբերել են այս մոլորակը Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի միջոցով ստացված տվյալների մեկնաբանությունից հետո և հետագայում իրենց եզրակացությունները հրապարակել Astronomy & Astrophysics ամսագրում:


Նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացրել են TOI-270 համակարգի վրա, որը բաղկացած է կարմիր գաճաճ աստղից, որի շուրջ երեք էկզոմոլորակ է պտտվում։ Այս երեք մոլորակից նրանք ուսումնասիրել են TOI-270 d-ի տվյալները, որը գիտնականները նկարագրել են որպես Նեպտունի ավելի փոքր տարբերակ՝ իր գազային բաղադրության պատճառով:

Տվյալների մշակումից հետո մթնոլորտի քիմիական բաղադրության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն կարող է լինել մեծ օվկիանոսով և ջրածնով հարուստ մթնոլորտ ունեցող մոլորակ: Գիտնականները նաև հաշվարկել են, որ նրա ջերմաստիճանը կարող է հասնել 212 աստիճանի, ըստ Ֆարենհեյթի, այսինքն՝ ջրի եռման կետին:

The Guardian-ը զրուցել է այլ գիտնականների հետ, որոնք ուսումնասիրել են նույն մոլորակը: Նրանց կարծիքով՝ մոլորակն ունի քարքարոտ մակերևույթ և ծածկված է շատ խիտ մթնոլորտով, որը կազմված է գերտաք գոլորշուց և ջրածնից։

«Ջերմաստիճանը, մեր կարծիքով, չափազանց բարձր է, որպեսզի ջուրը հեղուկ լինի», - պարբերականին է ասել Մոնրեալի համալսարանի աստղաֆիզիկայի պրոֆեսոր Բյորն Բենեկեն: